ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Չարտոնված հանրահավաքը վերահսկելի չի կարող լինել»

«Չարտոնված հանրահավաքը  վերահսկելի չի կարող լինել»
17.06.2008 | 00:00

Հունիսի 20-ին Ազատության հրապարակում արմատական ընդդիմության նախատեսած հանրահավաքը Երևանի քաղաքապետարանը չարտոնեց` պատճառաբանելով նույն օրն այդ վայրում մեկ այլ միջոցառում լինելու հանգամանքով: Քաղաքապետարանը նաև ընդդիմադիրներին առաջարկել էր հանրահավաքն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում: Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, այնուամենայնիվ, աներեր են: Նրանք կրկին դիմել են քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում կամ Մատենադարանի հարակից հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտով: Փաստորեն, ընդդիմության ծրագրած հանրահավաքը հերթական անգամ չարտոնվեց, մինչդեռ միայն մի քանի օր առաջ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրեց. «Ովքեր ուզում են հանրահավաք անցկացնել, խնդրեմ, թող դիմեն, և քաղաքապետարանը, իրավապահ մարմիներն անպայման նրանց ընդառաջ կգնան, նրանց հնարավորություն կտան հանրահավաք անցկացնելու»: Ստացվում է` կամ վերջիններս ամիսներ շարունակ «ընդառաջ չեն գնացել» նախագահի խոսքին, կամ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ հանրահավաքների պարբերաբար մերժումներին, կամ...

Այսուհանդերձ, ՀՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ փորձեցինք պարզել, թե ի՞նչ սպասելիքներ ունի այս հանրահավաքից:

-Իշխանությունը հերթական սխալը գործեց` առանց լուրջ հիմնավորման չարտոնելով հանրահավաքը,¬ փաստեց տիկին Սարգսյանը։¬ Սա այլևս ընդդիմության խնդիրը չէ, այլ հասարակության և իշխանության: Մերժելով հանրահավաքը` նա հասարակությանը մերժում է բարձրաձայնելու իր խնդիրների մասին: Սա թույլ իշխանության կեցվածք է: Շատերի մեջ դժգոհությունն այնքան մեծ է, որ խնդիրը ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելն է, այլ այս իշխանությունից ազատվելը: Եթե կարծում են, թե իմիտացիոն, ժողովրդավարական կեցվածք ընդունելով՝ հասարակության վստահությունը կշահեն, չարաչար սխալվում են: Ի սկզբանե նրանք սխալ ուղիով գնացին:

-Հունիսի 20-ի հանրահավաքը կարո՞ղ է նոր գործընթացի սկիզբ դառնալ:

-Հանրահավաքը հասարակության պահանջն է, այլ ոչ թե ընդդիմության խնդիրը: Եթե հասարակությունն իշխանությունից պահանջում է հանրահավաք, որտեղ ինքն արտահայտվելու և լսելու հնարավորություն կունենա, ապա իշխանությունները պարտավոր են հասարակությանն ապահովել այդ հանրահավաքը: Իսկ եթե չեն արտոնում, միևնույն է, հասարակությունը տրամադրված է այն իրականացնելու: Այս պարագայում մենք պարտավոր ենք նրանց կողքին լինելու: Բայց չարտոնված հանրահավաքը վերահսկելի չի կարող լինել: Դժգոհ, հիասթափված հասարակությունից չես կարող լուռ, հանգիստ հանրահավաք պահանջել: Նման իրավիճակում ողջ պատասխանատվությունն իշխանությունների վրա է ընկնում, քանի որ իրենք չարտոնեցին հանրահավաքը: Հետևաբար նրանք դեռևս ժամանակ ունեն վերանայելու իրենց դիրքորոշումը, քանի որ հանրահավաքը, անկախ որևէ հանգամանքից, տեղի է ունենալու:

-Սակայն օրերս Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանը, իրավապահ մարմիներն անպայման կընդառաջեն և հնարավորություն կտան, որ ընդդիմությունը հանրահավաք անցկացնի:

-Ո՞Ւմ պարզ չէ, որ ամեն ինչ համաձայնեցվում է Սերժ Սարգսյանի հետ: Թող չփորձի հասարակությանը ներկայանալ հրեշտակի կերպարանքով: Ակնհայտ է, որ նա բացարձակապես հրեշտակ չէ: Այդ «թոզ փչելու» պրոցեսն արդեն անցել է: Պետք է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Նա անընդհատ խոսում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների բացառման մասին, սակայն իրականում հենց դա է ուզում առաջարկել: Բայց նախ նախագահական, հետո էլ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն:

-Իսկ գուցե այս իրավիճակից դուրս գալու ելքը ոչ թե արտահերթ ընտրություններն են, այլ ընդդիմության հետ ճիշտ, առողջ երկխոսությո՞ւնը:

-Արտահերթ ընտրությունը կարող է լինել երկխոսությունից հետո: Երկխոսությունն անխուսափելի է, բայց քայլերը պետք է իշխանության կողմից լինեն:

-Եվ, ըստ Ձեզ, որո՞նք են այդ քայլերը։

-Արտոնել հանրահավաքը։ Եթե ժողովրդի հետ խնդիրներ չունի, ապա Սերժ Սարգսյանը թող գա հարթակ ու կանգնի մեր կողքին (մենք բարբարոսներ չենք): Երկխոսություն կծավալենք հենց ժողովրդի առաջ: Այնտեղ էլ կտեսնենք` ով է ճիշտ, ով` սխալ: Երկխոսությունը պետք է սկսեն հենց հարթակից, որից հետո որոշակի համաձայնությունների կգան:

Հարցազրույցը՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7246

Մեկնաբանություններ